Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը
Առաջարկվող փոփոխությամբ կսահմանվեն փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջները: Կապահովվի նաեւ ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից: Նշված պահանջները չկատարելու համար սահմանվելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային չափորոշիչներով սահմանված պատասխանատվության պատշաճ կատարմանը:
«Ավիացիայի մասին» գործող օրենքի «Փոխադրողի պատասխանատվություն» հոդվածով ամբողջական սահմանված չեն փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայից բխող պահանջները: Հետեւաբար, փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտ է օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաեւ, որպես ԻԿԱՕ անդամ երկիր, կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված եւ ՀՀ կողմից ընդունված չափորոշիչների պահանջները: Սեպտեմբերի 7-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
