«Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը չի էլ բացվել, որ հիմա էլ փակվի». Սիսակ Գաբրիելյան

Ես չունեմ որեւէ կոնֆլիկտ թե Անդրանիկ Քոչարյանի, թե ՔՊ խմբակցության որեւէ անդամի հետ, երբեւէ չեմ էլ ունեցել:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի, ՔՊ-ում քննարկվել է  մի կողմից իր և Հրաչյա Հակոբյանի, մյուս կողմից Անդրանիկ Քոչարյանի միջեւ հնարավոր կոնֆլիկտը:

«Մենք ինչպես 2018-ից եկել ենք միասին գործընկերային աշխատելու, այդպես էլ շարունակում ենք աշխատել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում տեսանելի է, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի հետ չի շփվում, ավելի շատ Խաչատուր Սուքիասյանի հետ է շփվում, Սիսակ Գաբրիելյանն  ասաց. «Ես խորհրդարանում շփվում եմ գրեթե բոլորի հետ:

Կարող եմ ասել, որ զուտ ենթակառուցվածքային առումով, ձեր կողմից հիշատակվող Խաչատուր Սուքիասյանը ինձնից մոտ 300 մետր հեռավորության վրա է  գտնվում, ես ԱԺ-ում ամենաքիչը իր հետ եմ շփվում:

Ես շփվում եմ իմ կողքը նստածների հետ՝ Արուսյակ Ջուլհակյանի, Հրաչյա Հակոբյանի հետ»:

Նա հերքեց, որ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին իր պաշտոնից հեռացնելու հարց է եղել. «Այդ հարցը չի էլ բացվել, որ փակվի:

Չկա նման բան եւ չի էլ լինի»:

You may also like...