Հարցրել եք ձեր շեֆին, գուցե հրաժարվի ՊՊԾ անվտանգությունից, պադավատներից. Գրիգորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
«Այդ կարմիր և սև բերետավորները մեր ոստիկանության աշխատակիցներն են»:
Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
«Այն նույն բերետավորներն են, որոնք աշխատում էին նաև ձեր և ձեր կոալիցիա կազմած իշխանության օրոք կամ դրանից առաջ և միգուցե աշխատեն նաև դրանից հետո:
Ի՞նչ է նշանակում ձեր կարմիր բերետավորները. նրանք ՀՀ ոստիկանության ստորաբաժանում են, որոնք կատարում են իրենց գործը:
Կամ ի՞նչ է նշանակում՝ տեսե՞լ եք՝ ինչ են արել սև բերետավորները, տեսել ենք, հարգելի գործընկերներ, շատ մեղմ վերաբերմունք են ցույց տվել այն օրինախախտների նկատմամբ, ովքեր փորձել են գրոհել ՀՀ պետական պահպանության տակ գտնվող շենքի՝ ԱԺ-ի վրա»,- ասաց Գրիգորյանը:
Ապա անդրադառնալով ՊՊԾ-ի մասին շահարկումներին՝ պատգամավորը նկատեց.
«Պետական պահպանության ծառայությունը բացի իշխանական պետական մարմիններից, պահպանում է նաև ձեր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո՝ Սերժ Սարգսյանին, դրանից առաջ՝ Լևոն Տեր Պետրոսյանին:
Ի՞նչ է նշանակում «պադավատներ», կամ որ շատանում է ՊՊԾ աշխատակիցների թիվը, դա ի՞նչ է նշանակում, որ ՀՀ պետական պաշտոն զբաղեցնող անձը, ով կարևոր դեր ու նշանակություն ունի երկրի զարգացման և մնացածի համար, նրան պիտի պահպանեն, այո, և այս երկրում երբևիցե չպետք է լինի «Հոկտեմբերի 27», երբ գլխատվեց ՀՀ-ն»:
Իշխանական պատգամավորը, դիմելով ընդդիմադիրներին, հետաքրքրվեց.
«Ընդհանրապես հարցրե՞լ եք ձեր շեֆին, միգուցե գա և հրաժարվի ՊՊԾ անվտանգությունից, պադավատներից, հարցրեք, որովհետև միշտ դա շահարկում եք:
Կհորդորեմ ձեր ղեկավարին հորդորեք՝ թեկուզ ՊՊԾ պաշտպանության ներքո դուրս գա՝ մարդիկ բան ունեն ասելու, երկար տարիներ դուրս չի գալիս»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
