Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
Եթե դուք տարեցտարի տեսնեք, թե ինչքան սարքավորում է Հայաստան եկել և ինչքան արտադրանք է գեներացվում, ինչքան է արտահանվում, արտահանման ծավալների տարբերությունը, դուք շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր եք վերցրել։
Այս մասին ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մենք առաջարկում ենք, որ ևս վարկեր վերցնեն, ևս սարքավորումներ ձեռք բերեն, ևս այգիներ, ինտենսիվ այգիներ, արդյունաբերություն զարգացնեն։
Ուզում եմ ասել՝ նոր Հայաստանը կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են, նոր Հայաստանի պետական մարմինները օրենսդրությամբ են գործում»,- ասաց նա։
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի՝ կարմիր բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին ելույթին, Սուքիասյանն ասաց.
«Չե՞ք հարցնում՝ 2007 թվականին ո՞նց էին հարձակվում ժողովրդի վրա ոստիկանները, ավտոմատներով, գնում էին մինչև տուն, տնից հանում էին, սկսում էին արմատուրով խփել ոտներին։
Հիմա դուք եկել եք, ասում եք՝ այդ բերետավորը ագրեսիվ էր նայում: Ասում եմ՝ խփում էին, ջարդում էին, ծեծում էին, տանում էին, մի հատ էլ բանտում էին ծեծում, տանում էին մի հատ էլ ոստիկանությունում էին ծեծում:
Մենք ենք շփվել, հիմա ի՞նչ եք ուզում։ Ասում է՝ բերետավորը շատ ագրեսիվ էր տրամադրված»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ այսօր ՀՀ-ում պետական ինստիտուտները շատ ուժեղ են:
