Արայիկ Հարությունյանը «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է նամականիշի մարմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողով» թեմայով նամականիշի և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:
Այս մասին Petutyun.com-ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Միջոցառումը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2024» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:
Մինչ մարման արարողությունը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է այցեքարտ դարձած «Սիլիկոնյան սարեր» գագաթնաժողովի հյուրերին, նշել, որ ավանդական դարձած այս միջոցառումների շարքը ցույց է տալիս, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտին և տեղեկատվական տեխնոլոգիաներին ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում:
«Պետականության խորհրդանիշներից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է: Կառավարությունը և կազմակերպիչները մշտապես կապի մեջ են, որպեսզի լավագույնս ներկայացնենք մեր ձեռքբերումները այս ոլորտում և նախանշենք ապագա մեր ծրագրերը:
Ամենամյա այս միջոցառումը մեր կատարած աշխատանքն ամփոփելու և ծրագրերը ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է, եթե չասենք՝ լավագույն հարթակն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովից լուսանկար, ինչպես նաև՝ «Սիլիկոնային սարեր» գագաթնաժողովի լոգոտիպը: Նամականիշի վրա նաև առկա է «Սիլիկոնային սարեր 2024» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Հաջորդիվ՝ տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2023 թ. դափնեկիրն է Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, ում մրցանակը հանձնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանի Հանրապետությունում, նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրան մեր երկրում: «Սրանով մենք նշում ենք այն մեծ ներդրումը, որը Դուք ունեցել եք տեխնոլոգիական ոլորտում»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը և հավելել, որ ավանդական դարձած այս մրցանակի հետ միասին իրականացվում է նաև նամականիշի մարումը:
Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 400 դրամ անվանական արժեք: Գեղաթերթկի նամականիշների վրա պատկերված են մրցանակակրին տրվող հուշախորհրդանիշը և ոսկե մեդալը: Գեղաթերթիկի վրա առկա է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2023 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 14-րդ դափնեկիր, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին:
Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:
