Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եվ ՌԴ ԴԺ միջեվ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում:
ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների հետաքրքրություններին համահունչ կապերի զարգացման ուղղությամբ:
Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների խթանմանն ուղղված մի շարք աշխատանքային հանդիպումների ու միջոցառումների կարեւորության մասին է խոսել:
Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին՝ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ապակենտրոնացված համագործակցությունը եւ կարծիք հայտնել, որ տարածաշրջանների անմիջական կապերը թույլ կտան առավել ընդլայնելու երկխոսության շրջանակը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերություններին՝ նշվել է, որ չնայած աշխարհում տեղի ունեցող բարդ տնտեսական գործընթացներին՝ դրական դինամիկա է արձանագրվում փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում:
Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառության տպավորիչ աճ է գրանցվել:
Նիստի ավարտին որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացնել հաջորդ տարի՝ Սոչիում:
