Այս պահին որեվէ որոշում չկա. Զառա Ամատունին՝ Ստեփանակերտում մահացած տարեց կնոջ մարմինը Հայաստան տեղափոխելու մասին
Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մահացած տարեց հայուհու դին դեռևս Հայաստան չեն տեղափոխել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ին փոխանցեց, որ այս հարցին շարունակ անդրադառնում են համապատասխան իշխանությունների հետ՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի։
«Այս պահին տվյալի հարցի հետ կապված որևէ առաջընթացի մասին չեմ կարող խոսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախ, որոշումը մեր ձեռքերում չէ, և կողմերը պետք է պայմանավորվեն։ Երկրորդը՝ մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք, նաև ընտանիքի հետ ենք մշտապես կապի մեջ։ Ընտանիքի անդամների համար բաց ենք այն առումով, որ հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Բայց որոշելիքներն ու դրա հետ կապված քայլերը, բնականաբար, մենք կկատարենք կողմերի որոշումից ելնելով։
Կրկնում եմ՝ այս պահին որևէ որոշում չկա»,- եզրափակեց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել, նրա մահն արձանագրվել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների, կինը մահացել է սուր թոք-սրտային անբավարարությունից թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։
Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել էր մնալ Ստեփանակերտում։
Մահացած հայ կինը 70-ամյա Վերա Աղասյանն է, նրա դուստրն ավելի վաղ լրատվամիջոցներին ասել էր, որ չեն կարողացել մորը համոզել ու նախորդ տարի սեպտեմբերին դուրս բերել Ստեփանակերտից։ Սկզբնական շրջանում կարողացել են կապ հաստատել Վերա Աղասյանի հետ, սակայն վերջին 6-7 ամիսների ընթացքում նրա հետ առհասարակ չեն խոսել։
Տարեց կնոջ աղջիկը նաև ասել էր, որ դիմել են Կարմիր խաչին՝ մոր դին Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու խնդրանքով։
