Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում գործի դրվեց Հեյդար Ալիևի առաջարկած՝ «Մեկ ազգ, երկու պետություն» թեզը, որն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր կոնցեպտներից մեկն է:
«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ արդեն ադրբեջանական և թուրքական զինված ուժերի ինտեգրում ստացվեց, որը կա նաև ներկայում»,- ասում է նա:
Քեռյանի խոսքով՝ հենց դա է նաև պատճառներից մեկը, որ չպետք է զարմանալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող՝ պարբերական դարձած զորավարժությունների հանգամանքի վրա:
Քաղաքագետը միաժամանակ մանրամասնում է, թե ինչու է այժմ այդ փաստը արժանի ուշադրության:
«Հայաստանի՝ նորագույն տեսակի զինատեսակների գնումը և բանակի ռազմական կարողությունների վերականգնումը շատ մեծ հակազդեցության է մատնում Ադրբեջանը, անգամ վերջինս ունի նպատակ հասնել Հայաստանի դեմիլիտարիզացիայի, որպեսզի երաշխավորված զգա, որ մոտ ապագայում ցանկացած կոնֆլիկտի ժամանակ ՀՀ-ն չի ունենա համապատասխան ռազմական կարողություններ՝ հակադարձելու համար:
Որպեսզի ճնշում գործադրեն այս ճակատում, Ադրբեջանը նախաձեռնում և շատ անգամ ակտիվորեն մասնակցում է թուրք-ադրբեջանական զորավարժությունների, և անձամբ Իլհամ Ալիևն է շահագրգռված, որ դրանք լինեն բավականին հաճախ: Կարճ ասած՝ Հայաստանի նկատմամբ ուժի ցուցադրում են՝ «ատամ» ցույց տալու համար:
Իհարկե, այստեղ խնդիրը միայն Հայաստանը չէ, գիտենք, որ տարածաշրջանում Ադրբեջանը որոշակի տարաձայնություններ ունի նաև Իրանի հետ, և, բնականաբար, ցանկանում է մեսիջ ուղարկել Իրանին, որ ցանկացած կոշտ բախում Ադրբեջանի հետ կհանգեցնի կոշտ բախման Թուրքիայի հետ»,- կարծում է Քեռյանը:
Դիտարկմանը՝ որևէ կապ տեսնո՞ւմ է, որ հենց այս օրերին, երբ Թուրքիայում ընթանում են թուրք-ադրբեջանական զորքերի հերթական զորավարժությունները, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը, Քեռյանն ասում է՝ միջանցքի հարցը ինչպես տաք է եղել 25-26 տարի առաջ, այնպես էլ այսօր շարունակում է մնալ օրակարգային կարևորագույն հարցերից մեկը:
