Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. վարչապետն ասաց՝ երբ եվ ինչ կարգով

Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրու կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ միջամտությունը կայանալու է հետևյալում: Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ:

Քննարկելով ՔՊ վարչության հետ, եկել եմ եզրակացության, որ այդտեղ միանձնյա որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ, և այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ, կամ նախնական ընտրություն: Որն է դրա իմաստը:

Մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, այստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու, որից հետո մենք Գյումրու բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով կիրականացնենք քվերակություն և դրանց արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում:

Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին»,- ասաց վարչապետը:

Հետագա քայլերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:

You may also like...