«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։
Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։
Ներկայացնելով հանձնախմբի նպատակը և գործունեությունը՝ Վ․ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր օրակարգը միջազգային պաշտպանության երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության իրավունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։
Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։
Քննարկման ընթացքում կարևորվել է նաև վերադարձի իրավունքի իրացման գործում համահայկական ուժերի զորաշարժի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ներկայումս Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։
Ժողովի մասնակիցները նաև զեկուցել են իրենց երկրներում ի նպաստ Արցախի խնդրի կատարված աշխատանքները։
Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկա նիստը նույնպես գումարել արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման աշխատանքների օրակարգով՝ քննարկելու շրջաններից ստացված առաջարկները։ Որոշվել է նաև մշտական կապ պահել Վարդան Օսկանյանի և հանձնախմբի այլ անդամների հետ՝ փոխադարձ իրազեկելու կատարվող աշխատանքների մասին և, ըստ անհրաժեշտության, համադրելու նախաձեռնությունները։
