Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տրվել անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքին վերաբերող օրենսդրական փաթեթին։
Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ էներգետիկ ըմպելիքներն ակտիվորեն օգտագործում են անչափահասները, որը լի է առողջության վրա ազդող բացասական հետևանքներով։ Պատգամավորը խնդրի վերաբերյալ խոսել էր նաև «Ֆեսբուք»-ի իր էջում, որին արձագանքել էին որոշ ծնողներ՝ պնդելով այդ ըմպելիքների հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին։ Դրանից հետո նա հանդես էր եկել նման նախաձեռնությամբ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղազարյանը մանրամասնում է՝ շատ ծնողներ նշել են, որ իրենց անչափահաս երեխաներն էներգետիկների պատճառով ձեռք են բերել անքնություն, իսկ որոշների շրջանում այն կախվածություն է առաջացրել։ Այժմ, երբ բոլորը տեղեկացված են, որ նման արգելք է սահմանվելու, ու նախագիծը քննարկվում է, արձագանքները կրկին դրական են։
«Ասում են՝ «վերջապես», «հազիվ եկավ»։ Այսինքն՝ անչափահասների մոտ էներգետիկների օգտագործումը լուրջ խնդիր է, որի լուծմանը բոլոր ծնողները սպասում էին։ Այսպիսով՝ արգելքն արդեն սահմանում է էներգետիկների տուփերի վրա գրվածը՝ վաճառքը չի խրախուսվում երեխաներին, հղիներին, նյարդային գրգռվածություն ունեցողներին։ Նման օրենք կա ալկոհոլային խմիչքների նկատմամբ ու գործում է»,- ասում է նա։
