ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն ասել է, որ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության բելառուսական ծառայությունը:
«Իհարկե, անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը Հայաստանի համար դրական հեղինակություն չի ստեղծում», -ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը՝ հավելելով, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։
Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի Աստանայում մասնակցել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Միջոցառմանը միակ բացակայողը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ամփոփել կազմակերպության հովանու ներքո համագործակցության արդյունքները։
