Եթե վերցրել ես մանդատը, պետք է պատգամավոր աշխատես. Պատգամավոր աշխատելն ամոթ չի. գեղամ Նազարյան
Երբ ես արտահայտում եմ ինչ-որ կարծիք, դրանք իմ ընկերներին հարվածի տակ են դնում, տարատեսակ կեղծ մանիպուլյացիոն մեկնաբանություններ են անում: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Օրինակ, ինձ ասում են՝ դուք եկել եք խորհրդարան, որ հանեք Նիկոլին: Ես էլ ասում եմ՝ չէ, ընկեր: Նրանք այդ «չէ, ընկեր»-ը կտրում են ու ասում՝ Գեղամ Նազարյանն ասաց՝ չէ:
Ես ընդամենն ասում եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր դրել էինք դեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ դրա համար ենք պայքարում, եւ դա բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրությունների: Մենք հո չէի՞նք պայքարում, որ դառնանք ընդդիմություն խորհրդարանում եւ հասնենք նրա հրաժարականին:
Մենք ընտրություններին մասնակցել ենք, որ ձեւավորենք իշխանություն: Հիմա պարզվեց, որ դու ընդդիմություն ես լինելու եւ պետք էր որոշել՝ մանդատը վերցնում ես, թե ոչ: Եթե դու մանդատը վերցնում ես, դու արդեն չես կարող ասել՝ ես խորհրդարան չեմ գնալու, նիստերին չեմ մասնակցելու, պատգամավոր չեմ: Եթե դու դա չես անելու, ավելի լավ է ասես՝ ես մանդատը չեմ վերցնում, ոնց որ վրացիները արեցին:
Նա հավելեց, որ եթե դու պատգամավոր ես, ապա պետք է նաեւ պատգամավոր աշխատես. «Ամոթ չի պատգամավոր աշխատելը: Իմ գործընկերներն ասում են՝ սիրելի, հարգելի Գեղամ, այդ մեկնաբանություններին տեղիք չտալու համար անընդհատ մի ասա, որ մենք նաև պատգամավոր ենք։ Ես էլ ասում եմ՝ չէ, եկեք մենք փորձենք այս հանրությանը բացատրել»:
