Երեվանի փոխքաղաքապետը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, ըստ նրա՝ տեղի է ունենում շանտաժ

«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Նա պարզաբանել է՝ հնարավոր է՝ ավտոբուսի վարորդների երթուղի դուրս չգալը և դրանում նրանց ներգրավելը նախապես համաձայնության տարրեր է պարունակեն։

Ուստի, ըստ նրա, թող քննությունը պարզի՝ գործ ունեն պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելո՞ւ հետ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունեն այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է քրեական օրենսդրության սահմանը։

Գրիգորյանը նաև նշել է՝ տեղի ունեցածը ոչ թե գործադուլ է եղել, այլ շանտաժ, փորձ է արվում Երևանի իշխանության վրա ճնշում գործադրել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:

Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:

Ըստ այդմ՝

«ՄԱՆ» — 401,500 ՀՀ դրամ,

«Ժոնգ Տոնգ» — 309 500 ՀՀ դրամ,

«Գազել Սիթի» — 219,500 ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։

Հասարակական տրանսպորտի վարորդների իրականացրած գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։

You may also like...