Ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացնի մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը առաջարկվում է հատկացնել մոտ 30 կմ-ի համար, որպեսզի կարողանան պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել:
«Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորապես, տվյալ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»,- ասել է նախարարը:
Կառավարության որոշմամբ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում գերակա շահ է ճանաչվել Արագածոտնի և Շիրակի մարզերի 33 հողամաս: Մասնավորապես, ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար կառավարությունը գերակա շահ է ճանաչել ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուր 33 հողամաս:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, սա շարունակական գործընթաց է, որը պարբերաբար իրականացվում է: «Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասել է նախարարը:
