Ի՞նչ փուլում է ջրծաղիկի պատվաստանյութի մատակարարման գործընթացը․ նախարարությունից մանրամասնում են

Հայաստանի առողջապահության նախարարությունից արձագանքել են մամուլում շրջանառվող լուրերին, որոնք վերաբերվում են ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացմանը։

Հարցին, թե ի՞նչ փուլում է պատվաստանյութի մատակարարման գործընթացը՝ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը մանրամասնել է․

«Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին` հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։

Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024թ.-ին հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում` սահմանված ժամկետներում։

Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով:

Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել:

Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը»:

You may also like...