Լավրովը բողոքել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն իրեն տեսնելիս «փախչում են»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բողոքել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո եվրոպացի քաղաքական գործիչներն իրենից խուսափում են և իրեն տեսնելիս «փախչում են»:
Նա այս մասին պատմել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, հայտնում է kommersant.ru-ն:
Որպես օրինակ՝ նա բերել է G20-ի վերջին գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել նոյեմբերին Ռիո դե Ժանեյրոյում։
«Եվրոպացիներն ընդհանրապես ինձ տեսնելիս փախչում են։ Նման բան տեղի է ունեցել G20-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ։ Նրանք հասուն մարդիկ են, բայց իրենց պահում էին երեխաների պես։ Անհավատալի էր»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Երբ միջազգային միջոցառումների ժամանակ հանդիպում եմ որևէ ամերիկացու, որին ճանաչում եմ, ոմանք բարևում են և մի քանի բառ փոխանակում», — հավելել է Լավրովը:
Նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայացուցիչը հայտարարել էր, որ պետքարտուղարը չի նախատեսում միջազգային միջոցառումների ժամանակ շփվել ՌԴ արտգործնախարարի հետ։
