Ինչու է կարեվոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է
Հայաստանում 2024 թվականի մայիսի 1-ից փաթեթավորված խմելու ջուրը դրոշմավորվում է նույնականացման միջոցներով։
«Թվային դրոշմավորման շնորհիվ խմելու ջրի յուրաքանչյուր շիշ ստանում է եզակի թվային ծածկագիր, որի միջոցով պետությունը, տնտեսվարողը և սպառողը հնարավորություն են ձեռք բերում հետևել վերջինիս տեղաշարժին շրջանառության բոլոր փուլերում։ Համակարգը տալիս է մի շարք առավելություններ։
Կեղծ արտադրանքի կանխարգելում
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բացահայտել և դուրս բերել շուկայից կեղծված խմելու ջուրը։
Արդար մրցակցության ապահովում
Հարկային վարչարարության և ապրանքների վերահսկողության կատարելագործման շնորհիվ ստեղծվում են հավասար և արդար մրցակցային պայմաններ խմելու ջրի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար։
Ստվերային տնտեսության նվազեցում
Թվային դրոշմավորումը թույլ է տալիս պետությանն ավելի արդյունավետ վերահսկել ապրանքների շրջանառությունը և նվազեցնել հարկերից խուսափելու հնարավորությունները։
Սպառողների իրավունքների պաշտպանություն
Համակարգը սպառողներին հնարավորություն է տալիս գնելուց առաջ ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ձեռք են բերում օրինական արտադրանք:
Պետության վարչարարական գործիքների լավարկում
Հետագծելիության համակարգը պետությանը տրամադրում է հավելյալ տեղեկատվություն՝ հարկային հսկողությունն ու ստուգումներն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
