«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարեվոր պայման է. Ֆուաթ Օքթայ

«Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, հաղորդում է «Ազատությունը»։

«Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար։

Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։ Հուսով ենք, որ Հայաստանը չի անսա երրորդ կողմերից եկող կեղծ լուրերին և կյանքի կկոչի խաղաղության և զարգացման ծրագիրը», — ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչը` հավելելով․ — «Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն։

Հուսով ենք, որ մոտ ապագայում կիրականացվի»։

Օքթայը նաև հայտարարել է, թե Անկարան աջակցում և միանում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց դա անում ենք Ադրբեջանի հետ միասին», — շեշտել է Թուրքիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

You may also like...