Հայաստանը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի․ Կիրակոսյան
Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարության վերաբերյալ, որ ինչ-որ փուլում փոխադարձ հայցերի հետկանչի հարց կարող է քննարկվել։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։
Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- նշեց Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ այս պահին Ադրբեջանը Հայաստանին առնչվող հայցեր ունի երկու միջազգային ատյաններում՝ ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև կա արբիտրաժային գործընթաց։
«Այս պահի դրությամբ նոր հայց Ադրբեջանի կողմից չկա ներկայացված»,- եզրափակեց Կիրակոսյանը։
