Ռազմագերիների հետ կապված հարցերում ԵԽԽՎ-ն ինչ հնարավոր է՝ արել է, մենք չենք կարող ավելին պահանջել. Վարդանյան

Ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարծես թե ամեն ինչ, ինչ հնարավոր է, արել է, որովհետև այն բանաձևերը, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիների և ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման խնդրին:

Այս մասին ԵԽԽՎ իրավական կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Այսինքն՝ պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ինչ-որ մի բան անել, մենք չենք կարող, որովհետև, ըստ էության, այն բոլոր օրակարգային հարցերը՝ կապված ռազմագերիների հետ, որոնք մենք բարձրացնում ենք, բարձրացվել են և ստացել են իրենց համապատասխան լուծումները բանաձևերում։

Ինչ վերաբերում է կատարմանը, ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ Ադրբեջանի համագործակցությանը, եթե չեմ սխալվում, անցյալ տարի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեցին Եվրոպայում Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, և վերջինս չի մասնակցում ԵԽԽՎ նիստերին»,- ասել է պատգամավորը:

Ըստ Վարդանյանի՝ մի շարք պահանջներ են ներկայացված Ադրբեջանի պատվիրակությանը, և այդ պահանջները պետք է կատարվեն վերջինիս վերադարձի համար։

«Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական կոմիտեն զբաղվում է մարդու իրավունքների և իրավական հարցերով, կրկին պետք է ասեմ՝ այն օրակարգային հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, որոնք բարձրացնում են մեր գործընկերները տարբեր երկրներից, մենք ունեցել ենք քննարկում այսօր, և օրակարգային հարցերից մեկը եղել է այն իրավական և մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի արդյունքում տեղի ունեցածի հետ։

Մենք ունեցել ենք հնարավորություն քննարկելու այդ հարցերը»,- ասել է պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ օրակարգը հայտնի է բոլորին, սակայն քննարկումը լինելու է փակ ռեժիմով:

«Բայց պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չէ իրականացնել, անարդյունավետ կլինի:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ը, Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների օրն է, և Երևանում այս միջոցառման կազմակերպումն այս օրերին պայմանավորված է նաև այս հարցերի քննարկմամբ և այս հիշատակի օրերով»,- ասել է նա:

You may also like...