Սիրիայի կառավարությունը պատրաստ է փոխանցել լիազորությունները. վարչապետ

Սիրիայի կառավարությունը, որ ենթարկվում էր նախագահ Բաշար Ասադին, պատրաստ է վայր դնել իր լիազորություններն այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի։

Այս մասին Al Arabiya-ին հայտնել է վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալին։

Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։

«Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորություններն անմիջապես, երբ մեզ այդ մասին խնդրեն»,- ասել է նա։

Ալ-Ջալալին ընդգծել է, որ ներկայում առաջնահերթությունը սիրիացիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելն է։

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը  բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Զինյալները պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել են, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվել է։ Նրա ընտանիքը կառավարել է հանրապետությունը ավելի քան 50 տարի։

Երկրում սկսվել է իշխանության անցումը. «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ասել է, որ կառավարական կառույցները կմնան նախկին վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալիի հսկողության տակ՝ մինչև անցումային կառավարություն չի ձևավորվի:

Ապստամբները 10 միլիոն դոլար պարգևատրում էին խոստացել Սիրիայի նախկին նախագահի գլխի համար, ավելի ուշ «ՏԱՍՍ»-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Կրեմլի աղբյուրները, հայտնել են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա, և Ռուսաստանը նրան ապաստան է տվել։

You may also like...