ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցողին ՀՀ-ի առկա եվ կարճված վարույթներից մանրամասներ է ներկայացվել
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽԽՎ ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիուի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով Տիգրան Դադունցը մանրամասներ է փոխանցել առկա և կարճված վարույթների մասին:
Նա նշել է, որ ՄԻԵԴ-ի վճիռները մեծ կարևորություն ունեն մեր երկրի համար՝ շեշտելով դրանց նշանակությունը օրենսդրության կատարելագործման և պրակտիկայի հարցում:
Այս առումով փոխնախարարը ներկայացրել է 2021 թվականին վարչապետի որոշմամբ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին տվյալներ:
Արդյունավետ գնահատելով հանձնաժողովի աշխատանքը՝ Տիգրան Դադունցը շեշտել է, որ դրա խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների իրականացումն է՝ ներառյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումը:
Եվրոպացի հյուրերը հետաքրքրվել են ՀՀ օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցերով:
