Վստահ եմ՝ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկայում շոշափելի դրական փոփոխություններ կլինեն Գյումրիում. Խուդաթյան (տեսանյութ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր էջում հայտնել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

«Նախ շնորհավորել եմ պարոն Մինասյանին, ընդգծել, որ փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է։

Վստահություն եմ հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։
Թիմային աշխատանքի արդյունքում Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։

Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ ծանոթ է քաղաքի խնդիրներին և շատ արագ քաղաքի կառավարումը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից»,- նշել է Խուդաթյանը:

Ինչպես հայտնի է, Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու:
Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար է դարձել ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ի առավոտյան հայտնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի նշանակման որոշումը ստորագրելու մասին:
