Որոշում կկայացվի, թե ինչպես վարվել ծխախոտի վերաբերյալ ԵԱՏՄ կանոնակարգը խախտողների հետ. Լենա Նանուշյան

Մենք տեղյակ ենք, որ էկոնոմիկայի նախարարությունում քննարկումներ են ընթանում, և որոշում կկայացվի, թե ինչպես վարվել այն ծխախոտ արտադրողների կամ նրանց արտադրանքի հետ, որը չի համապատասխանում ԵԱՏՄ կանոնակարգին։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, պատասխանելով այն հարցին, որ չնայած 2024 թվականի հունվարից ըստ ԵԱՏՄ կանոնակարգի ՀՀ–ում վաճառվող բոլոր ծխախոտային արտադրանքների տուփերի վրա  պետք է լինեն սարսափեցնող նկարներ, դեռևս վաճառքում առկա են սովորական տուփերով սիգարետներ։

Ընդ որում՝ հիմնականում տեղական արտադրության։

«Մենք խնդրից տեղյակ ենք։ Գիտենք, որ արտադրողները պարզաբանում են, որ իրենք անցյալ տարվա ընթացքում մեծ քանակ են արտադրել, և այդ ամբողջը չի սպառվել։

Եվ մենք տեղյակ ենք նաև, որ էկոնոմիկայի նախարարությունը քննարկումների արդյունքում որոշումներ կկայացնի, թե ինչպես է վարվելու այն արտադրողների կամ ապրանքի հետ, որը չի համապատասխանում ԵԱՏՄ օրենքին», – ասաց նա։

Ըստ Լենա Նանուշյանի, առողջապահության նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի, այն կարող է միայն մշտադիտարկում իրականացնել, հասկանալու համար, թե որտեղ կան խնդիրներ, և զգուշացնելու գործընկերներին՝ տեսչական մարմիններին կամ ոստիկանությանը։

Նա հավելեց, որ նախարարությունը ստեղծում է բջջային մի հավելված, որի օգնությամբ բնակիչները կարող են ֆիքսել, թե որտեղ է խախտվում հակածխախոտային օրենքը, և անմիջապես տեղեկացնել նախարարությանը։

«Դա կլինի հավելված, որտեղ որ մեր քաղաքացիները անմիջապես կնշեն խնդիրները, և վերահսկող մարմինները դա տեսնելով,  ավելի թիրախավորված վերահսկողություն կանեն։

Հավելվածը շատ հեշտ օգտագործվող է լինելու,  արդեն տեղակայումով, որ միանգամից կարողանանք ֆիքսել, որ օրինակ, հենց էս վայրում են ծխում, որ կարիք չլինի հասցե ճշտել, մուտքագրել։

Դրա մասին ավելի մանրամասն կպատմենք, երբ որ արդեն կթողարկենք», – ասաց նա։

Խոսելով հակածխախոտային պայքարի ընդհանուր արդյունավետության մասին, Լենա Նանուշյանը նշեց, որ դա գնահատելու համար պետք է կատարվի համալիր հետազոտություն։

Նա հիշեցրեց, որ վերջին նման հետազոտությունը իրականացվել է 2018 թվականին, որը ցույց է տվել, որ Հայաստանի տղամարդկանց կեսից ավելին ծխում է։

Փոխնախարարը հավելեց, որ հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել նույնանման հետազոտություն, նույն ընտրանքով, նույն մեթոդաբանությամբ, գնահատելու համար, թե անցած 4–5 տարվա աշխատանքներն այս ոլորտում ինչ փոփոխությունների են հանգեցրել։

Հիշեցնենք, որ NEWS.am-ը ևս իր հրապարակումներում անդրադարձել է ծխախոտի տուփերի վերաբերյալ ԵԱՏՄ կանոկարգի խախտումներին։ Մեր հարցմանը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնել էին, որ ՀՀ բոլոր ծխախոտ ներմուծողներն ու արտադրողները տուգանվել են ԵԱՏՄ կանոնակարգը խախտելու համար։

You may also like...