Միրզոյանն ԱՄԷ նախագահի խորհրդականին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի հետ:

ԱԳՆ-ից Petutyun.com-ին  հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄԷ երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով հարաբերությունների դրական դինամիկան, արձանագրված արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

Առանձնանշվել են առևտրի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության խորացման հարցում առկա լրացուցիչ հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Անվար Գարգաշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ տեսլականը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պարագայում ընձեռնվող հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին:

You may also like...