Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից ազատվածները կներգրավվեն տեղական պաշտպանության ուժերում
Օրենքի նախագծով սահմանվում է, որ տեղական պաշտպանության ուժերի համալրումն իրականացվում է տարիքի կապացությամբ պահեստազորյաին հաշվառումից հանված անձանցով, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը` պարզաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի դրույթը։
Նախագծով նախկինում գործող Աշխարհազորը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով։
Ըստ Սիմոնյանի, տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված պահեստազորայիններով, որոնք տարիքով ավելի բարձր են և առաջնային կցագրված չեն պատերազմի ժամանակ զորամասի համալրվող հաստիքներին։
ՊՆ վարչության պետը պարզաբանեց, որ առողջության պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում և կարող են համալրել տեղական պաշտպանության ուժերը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ելույթ ունենալով նախագծի վերաբերյալ, հայտարարեց, որ 2020 թվականին ընդունված և 2021 թվականին ուժի մեջ մտած աշխարհազորայինների մասին դրույթը չի կատարվել։
«Եթե Աշխարհազորայինների մասին օրենքի դրույթը 3 տարի չի գործել, քանի կոպեկ արժի այս օրենքը»,-ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ գործող օրենքով նախատեսված էր, որ կառավարությունն աշխարհազորի գծով փոխմարզպետեր և Երևանի քաղաքապետի տեղակալ այս տարիներին չի նշանակել։
