Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին 300 հազարանոց բանակ ստեղծելու հարցում. Turkiye

Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին 300 հազարանոց կանոնավոր բանակ ստեղծելու հարցում։ Դրա ձեւավորմանը կմասնակցեն թուրք զինվորական խորհրդականներ եւ մասնագետներ, տեղեկացրել է Turkiye թերթը։

«Մեր նպատակը մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում 300 հազարանոց բանակ ստեղծելն է։

Երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը եւ իսրայելական վտանգը դա անհրաժեշտ են դարձնում»,-  պարբերականին հայտնել է արաբական հանրապետության նոր ղեկավարությունը ներկայացնող գեներալ Ահմեդ Օսմանը։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում կձեւավորվի 70-80 հազարանոց զինված ուժերի կորիզ, եւ ամենակարճ ժամկետում նրանց թիվը կհասնի 150-200 հազարի։

«Ստեղծվող բանակի մեջ կընդգրկվեն Իդլիբից «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման 50 հազար զինվորականներ, ինչպես նաեւ ռազմական եւ հետախուզական սպաներ, որոնք ներգրավված չեն եղել [Բաշար ալ-Ասադ ռեժիմի] հանցագործությունների մեջ»:

Թուրքիայի ռազմական աջակցությունն այս փուլում բացառիկ նշանակություն ունի»,- նշել է Օսմանը։

 Turkiye-ի հավաստիացմամբ՝ թուրքական ռազմական զորակազմը տեղակայվելու է Սիրիայի հինգ կենսականորեն կարեւոր կետերում։

You may also like...