ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի եվ ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:

ՊԵԿ-ից Petutyun.com-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։

Դեպքերից մի քանիսի մասին առավել մանրամասն:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում, ՀՀ  Հարկային օրենսգրքի  և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել է արձանագրություն: Հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող անձի նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։
Ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննության: Հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքները և դրոշմապիտակները եղել են կեղծ:

Քանի որ արարքը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե: ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկ այլ դեպքով ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում իրացվում է «ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ընկերության արտադրանքը` «Գուբերնատոր» գրառմամբ, առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ։

Ռեստորանային համալիրում Ներքին անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր  372 շիշ առանց ակցիզային դրոշմանիշի ալկոհոլային խմիչք: Կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցված, առանց ակցիզային դրոշմավորման ծխախոտի խմբաքանակի տեղափոխման դեպք:

Օրերս Վրաստանից «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել մարդատար ավտոմեքենա:  ՊԵԿ ներքին անվտանգության, ինչպես նաև Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների կողմից ավտոմեքենան ենթարկվել է զննության:

Արդյունքում քաղաքացու մեքենայի հատակից հայտնաբերվել է  2010 տուփ ծխախոտ։ Նշենք, որ հայտնաբերված  ծխախոտները Ս.Ս.-ն ձեռք է բերել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից:

Դեպքի առնչությամբ  կազմվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման արձանագրություն։

You may also like...