Կnրծանված ադրբեջանական ինքնաթիռի ուղեվորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։

Հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է:

Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Նա այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ադրբեջանի պետական պատվիրակությունն ուղարկվել է Ղազախստան՝ տեղում պարզելու Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառները։ Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել։

Հիշեցնենք՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։

Նախնական տվյալներով՝ Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։

You may also like...