ՌԴ-ն 68 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում դպրոցական սննդի եվ ենթակառուցվածքների զարգացման համար

«Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը, ներառյալ 2024-2028 թվականների համար Ռուսաստանի կողմից հատկացված միջոցները, կգերազանցի 68 մլն դոլարը:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն էր ստորագրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում կամավոր նպատակային ներդրում կատարելու մասին:
Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանում դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում, որակյալ սնունդ ապահովելու համար, Ռուսաստանը դաշնային բյուջեից ավելի քան 25 միլիոն դոլար կհատկացնի դպրոցականների համար:
Մարիա Զախարովան այս համատեքստում հիշեցրել է, որ «Դպրոցական սննդի ազգային համակարգեր» ծրագիրն իրականացվում է 2010 թվականից:
«Ռուսաստանյան հատկացումների շնորհիվ ավելի քան հազար դպրոցների տարրական դասարանների աշակերտները ստանում են որակյալ և հավասարակշռված սնունդ։
Դրանից բացի, գրեթե 100 դպրոցներում տեղադրվել են արևային վահանակներ, ինչը թույլ է տվել խնայել շուրջ 390 հազար դոլարի էլեկտրաէներգիայի ծախս։
Այդ միջոցներն ուղղվում են դպրոցական ենթակառուցվածքների զարգացմանը և աշակերտների սննդի բարելավմանը», — նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի նախագծերին Ռուսաստանի մասնակցությունը չի սահմանափակվում դպրոցական սննդով:
Մոսկվան ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների հետ՝ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու համար։
Ռուսաստանն աջակցում է գյուղերի զարգացմանը, բնական զբոսաշրջությանը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծմանը:
Հատուկ ուշադրություն է դարձվում կլիմայի փոփոխությունների նկատմամբ Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը և COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանը։
2021 թվականից իրականացվում է հետկոնֆլիկտային վերականգնման շրջանակներում առավել տուժած շրջաններին աջակցելու նախագիծ։
Այս ծրագրերը ներառում են՝ բնակարանների տրամադրում, գյուղատնտեսական արտադրողներին օգնություն և մարտական գործողությունների մասնակիցների վերաինտեգրում:

You may also like...