Թվինինգ ծրագրի շրջանակներում ԱԻՆ-ում աշխատաժողով է անցկացվել

ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը նվիրված աշխատաժողով:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչները և Թվինինգ ծրագրի արտասահմանյան փորձագետները: Բացման խոսքով հանդես է եկել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Թվինինգ ծրագրի արտասահմանյան ներկայացուցիչ, անդամ պետության 1-ին բաղադրիչի ղեկավար Տատյանա Միլկամանովիչը ներկայացրել է բնակչության պաշտպանության իրավական դաշտի բարելավման ուղղությամբ ծրագրի գործողությունները, իսկ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական ուղղությունները և այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը:

Մասնակից Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների կողմից աշխատաժողովի աշխատանքները գնահատվել են դրական:

Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել իրազեկվածությունը «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ և քննարկել օրենքի նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը։

You may also like...