Կա դեռեվս օրինական ուժի մեջ չմտած 4 վճիռ, որով պետք է բռնագանձվի ապօրինի ծագմամբ 5 անշարժ եվ 2 շարժական գույք. ՀՀ գլխավոր դատախազ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ունենք վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել. դրանք 4 վճիռներ են, մենք այդ վճիռներով կբռնագանձենք 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև առանձին՝ շուրջ 1 մլրդ 880 մլն դրամ: Սա ժամանակի հարց է:

Այդ մասին Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով գույքի բռնագանձման մասով իրականացվող գործընթացին:

«Կարելի է ասել՝ աշխատանքն արդեն հասել է ինքնաշխատ մակարդակի: Մենք ինստիտուցիոնալացնելու խնդիր ունենք արդեն համակարգային տեսանկյունից, օրինակ՝ նույն փայերի գնահատման գործընթացը, պետգույքի կառավարման գործընթացը»,- ասաց նա և հավելեց՝ չկա այնպիսի շաբաթ, որ տեղեկատվություն չստանա օրինական ուժի մեջ մտած վճռի, դրանով գրանցված սեփականության իրավունքի մասին:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հավելեց՝ ապօրինի գույքի վերադարձից հետո 2 կարևոր հանգամանք կա՝ վերադարձված գույքի արդյունավետ կառավարում և գործերի քննության հետ կապված միասնական ստանդարտների սահմանում:

You may also like...