Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն X-ում ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին:
«Խորապես վշտացած ենք ինքնաթիռի ողբերգական վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին», — ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Թաիլանդից Հարավային Կորեա թռչող ինքնաթիռի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի, հայտնում է Reuters գործակալությունը:
Օդանավում եղել է 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ. ավելի վաղ հաղորդվում էր 120 զոհի մասին:
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։
Կորեական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է խոշոր հրդեհը, որը բռնկվել է բախումից անմիջապես հետո: Կրակի մեջ այրված ինքնաթիռը երկու մասի է բաժանվել.
Ուղևորների մեծ մասը՝ 173 մարդ, Հարավային Կորեայի քաղաքացիներ են, ևս երկուսը Թաիլանդի քաղաքացիներ են։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր կորցնել կառավարումը թռչունների հետ բախվելու պատճառով։
