Ադրբեջանը ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում
Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանյան կողմին են փոխանցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման մեղքն ընդունելու, միջադեպի մեղավորներին պատժելու և փոխհատուցում վճարելու պահանջները, ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր պահանջները հստակ փոխանցել ենք ռուսաստանյան կողմին, դրանք փոխանցվել են դեռ դեկտեմբերի 27-ին։ Որո՞նք են դրանք։
Նախ՝ ռուսաստանյան կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։
Երկրորդ՝ ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ պատժի մեղավորներին, քրեական պատասխանատվության ենթարկի նրանց և փոխհատուցում վճարի ինչպես պետությանը, այնպես էլ տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։
Սրանք են մեր պայմանները: Դրանցից առաջինը երեկ արդեն կատարվել է։ Հուսով եմ, որ մնացած պահանջները նույնպես կբավարարվեն»,- ասել է Ալիևը։
