Հերթական հիասթափեցնող պատասխանը կառավարությունից․ Դեղատների սեփանակատերերը կրկին դիմել են վարչապետին
Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով նամակով կրկին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ առաջին նամակին Առողջապահության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստացած պատասխանն անբովանդակ է, և կապ չունի բարձրացրած խնդիրների հետ։
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․
«Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Սույն թվականի նոյեմբերի 21-ին դիմել էինք Ձեզ՝ որպես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը համակարգող վերադասի, որպեսզի հանձնարարեք դադարեցնել դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի չգործելու արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամայական վարչարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, միաժամանակ, առողջապահության նախարարության կողմից ապահովելու էլեկտրոնային դեղատոմսերի շրջանառության լիարժեք ներդրման՝ իր պարտականությունների կատարումը։
Մեր դիմումից մեկ ամսից ավելի անց Առողջապահության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք անբովանդակ մի պատասխան, որը ոչ մի կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ։ Պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ ԱՆ-ի կողմից տրվել են խորհրդատվություններ հեռախոսազանգերի միջոցով, իրականացվել է հանրային լայն իրազեկում, կազմակերպվել են, ի թիվս այլնի, ասուլիս, անիմացիա և ինֆոգրաֆիկաներ, հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են նախարարության կայքում, «Հաճախ հնչող հարցերն» առանձնացվել են…
Մեր ներկայացրած գրության արդյունքում նաև կազմակերպվել է հանդիպում տեսչական մարմնի ղեկավարի և Առողջապահության փոխնախարարի հետ: Բարձրացրած հարցերի՝ իր իրավասության մասի հետ կապված, տեսչական մարմնի ղեկավարը մի շարք հայատարարություններ արեց, որոնցից ընդհանուր առմամբ հասկանալի էր, որ Տեսչական մարմինը շարունակելու է իր վարչարարությունը և պատրաստվում է առանց էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեղի իրացման դեպքում յուրաքանչյուր դեղի համար (այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար՝ ինչպես օրենքի պահանջն է), կիրառել տուգանք 5000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքի նշված չափը, հաշվի առնելով ներկայումս էլեկրոնային դեղատոմսերի համատարած դուրս չգրման պրակտիկան, որոշ տնտեսվարողների մոտ կարող է կազմել հարյուրավոր միլիոն դրամ։ Այսինքն, նման տուգանքների կիրառումը հավասարազոր է տվյալ տնտեսվարողի ուղիղ սնանկացմանը։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ առավելագույնը, որ Առողջապահության Նախարարությունը կփորձի անել՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած խմբերի մոտ 2100 անվանում դեղերի 2025թ-ի հունվարի մեկից նախատեսված էլեկտրոնային դեղատոմսերի պարտադիր դուրսգրումը մինչև 2027թ-ի հունվարի մեկը հետաձգելն է, սակայն դա էլ , ինչպես պարզվեց, նույնպես չի իրագործվելու, քանի որ ՀՀ կառավարության տարեվերջյան որոշմամբ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հուլիսի 1-ը։ Այսինքն՝ 470 անվանում դեղերի՝ ձախողված էլեկտրոնային շրջանառության համակարգում մի քանի ամսից գումարվելու է դեղատոմսերով դուրս գրվող ևս 2100 անվանում:
Այսպիսով, Կառավարության աշխատակազմը, մեր գրությամբ առաջարկված՝ Ձեզ հետ հանդիպում կազմակերպելու, բարձրացված հարցերի բովանդակությանը խորամուխ լինելու փոխարեն, բավարարվում է բարձրացրած խնդիրների հեղինակ գերատեսչությունների հետ հանդիպում կազմակերպելով, որը ի վերուստ, դատապարտված նախաձեռնություն է, քանի որ, խնդիր ստեղծող կողմը չի կարող խնդիրը լուծող լինել այն պարզ պատճառով, որ խնդիրը ծագել է հենց իր կողմից։ Արդյունքում, կազմակերպված հանդիպումները վերածվում են խնդիր ստեղծողների կողմից իրենց կայացրած որոշումների և ընտրած վարչարարության արդարացման գործընթացի, ինչով, օրինաչափորեն, բացառվում է որևէ խնդրի լուծում։
Ամփոփելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն փաստի վրա, որ մեր բարձրացարած խնդիրը լուծելու փոխարեն՝ մեր գրությունը մեխանիկորեն վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը, վերջինս էլ, նամակագրությամբ խնդրի քննարկման և լուծման պատրանք է ստեղծում:
Կառավարությունից կրկին ակնկալում ենք լուծում տալ այս խնդրին, որը տասնամյակներով ձևավորված ու աշխատող համակարգը նման հում ու իր ձախողումն ապացուցած քաղաքականությամբ տանում է ուղղակի ոչնչացման:
Մասնավորապես, կարծում ենք նաև, որ պետք է դադարեցնել դեղատների նկատմամբ տուգանքների կիրառումը այն պարագայում, երբ ապահովված չէ էլեկտրոնային դեղատոմսերի բավարար քանակությամբ և ժամանակին դուրսգրումը, որը հնարավորություն չի տալիս դեղատներին բուժառուների սպասարկումն իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով»:
Նամակը ստորագրել են՝
«Ալֆա-ՖԱՐՄ» ՓԲԸ
«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ
«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ
«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ ԷՍԿՈՒԼԱՊ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ
«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ ԱՍՏԵՐԻԱ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ
«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ Ռեմեդի» ՍՊԸ
«առնիկա» ՍՊԸ ՎԱԳԱ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ
«կուռամուս» ՍՊԸ
«լեվոն ԵՎ լամարա դեղատուն» ՍՊԸ
«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ
«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ
