ԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը եվ համակարգի խնդիրները
2024 թվականի մարտի 1-ից օրենքն արգելում է առանց բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսի շուրջ 470 անուն դեղ գնել դեղատնից: Բացառապես էլեկտրոնային դեղատոմսով են վաճառվում հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութերը, միզապրաստոլ պարունակող դեղերը:
Կառավարությունը նախատեսում էր 2025 թվականի հունվարի 1-ից ընդլայնել էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն որոշումը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:
Համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ հունվարի 8-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Պատգամավորը, ճիշտ որոշում համարելով ներդրվող նոր համակարգը, նշել է, որ պետք է հավելյալ և կոնկրետ ջանքեր գործադրվեն, որպեսզի համակարգը լիարժեքորեն աշխատի, ինչն այսօր այդպես չէ:
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարությունից ներկայացուցիչներ, դեղատնային ցանցերի և դեղատների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:
Դեղատների ներկայացուցիչները, հորդորելով դադարեցնել տուգանքների կիրառումը, նշել են, որ իրենք չեն ուզում խախտել օրենքը, սակայն բժիշկները դուրս չեն գրում բավարար քանակությամբ դեղատոմսեր, իսկ իրենք բուժառուներին չսպասարկել չեն կարող:
Նշվել է, որ խնդրին լուծում չտալու դեպքում հնարավոր է տուգանքների հետևանքով սնանկանան դեղատները, մեծանա ստվերային շրջանառությունը և այլն:
Քննարկմանը մասնակցող դեղատան ներկայացուցչի խոսքով համակարգի արդյունավետ գործարկման նպատակով իրենց դեղատնային ցանցի ղեկավարությունն աշխատողների համար լրացուցիչ խրախուսման նորմ է սահմանել, այն է` մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար սահմանելով 500 դրամ պարգևավճար: «180 դեղատուն և խրախուսում ունենալու պարագայում դեկտեմբեր ամսվա ընթացքում մենք սպասարկել ենք 104 էլեկտրոնային դեղատոմս»,- ընդգծել է զեկուցողը:
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն էլ փաստել է` էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման գործընթացը տեխնիկական առումով դյուրին է և արագ իրականացվող: Փոխնախարարի խոսքով համակարգի լավարկման նպատակով կշարունակվի բուժհաստատություններում վերապատրաստումների և այլ միջոցառումների իրականացումը:
Քննարկումը նախաձեռնող Արսեն Թորոսյանն առողջապահության նախարարությանն առաջարկել է բժիշկների կողմից տրվող դեղատոմսերի թվի աճին նպաստող կոնկրետ քայլեր մշակել ժամանակացույցի հետ մեկտեղ, որպեսզի խնդրին հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տրվի և ամբողջ պատասխանատվությունը չմնա դեղատների ուսերին:
Հանդիպման ավարտին առաջիկայում հանդիպելու և առաջարկները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
