Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները կդառնան 25 օր։ «Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա։ 21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացի անցնում է պատրաստություն, 14 օր անցկացնում է մարտական հերթապահություն։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվելու ենք եռամսյա հավաքներից, բայց սա լինելու է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Այստեղ մեծ ուշադրություն կխնդրեմ իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ երկար ժամանակ պահեստազորը չէր հրավիրվել եռամսյա հավաքների մասնակցության, և կառավարությունը որոշել է իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը: «Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին՝ դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են, բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- ասել է վարչապետը:
Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ նախատեսվում է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն ստեղծել կանանց համար: «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»,- նշել է նախարարը՝ ավեացնելով, որ ծրագիրն ըստ ցանկության է:
