Հավասարություն, արտոնյալների բացակայություն. Շիրակի մարզպետն աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Արդարություն, հավասարություն, արտոնյալների բացակայություն․ աշխատանքային սկզբունքների առաջնայնություններից, մոտեցումներից ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերից է խոսել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի ողջ աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար կարմիր գծեր են քաղաքաշինության, կրթության և առողջապահության բնագավառներն ու դրանց խնդիրների լուծումը, չի լինելու ոչ մի բացառություն, չեմ հանդուրժելու անորակ շինարարություն, մատների արանքով նայվող կրթական պրոցես ու առողջապահական ծառայություններ։
Միևնույն ժամանակ վստահեցնում եմ բոլորիդ, որ ձեր կողքին եմ բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին, ձեզ հետ պատրաստ եմ օրնիբուն աշխատել, սատար կանգնել ձեզ բոլոր հարցերում»,- ասել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով աշխատանքում հոգացավության, պարտաճանաչության ու պատրաստակամության անհրաժեշտությունը։
Խորհրդակցության ժամանակ Դավիթ Առուշանյանը կարևորել է նաև հաշվետվողականությունն ու քաղաքացիների հետ հոգատար աշխատանքը։
«Քաղաքացին պետք է իմանա՝ Շիրակի մարզպետի աշխատակազմ երբ դիմում է՝ աջակից կա կողքին, եթե անգամ նրա խնդիրը մենք չենք կարողանալու արագ լուծել կամ հասցեատերն էլ մենք չենք, միևնույնն է պետք է լսենք։
Մեր բոլորի համագործակցված աշխատանքը պետք է միտված լինի մարզի բնակիչների հոգսերի թեթևացմանը, քայլ-քայլ պետք է գնանք դրանց լուծման ճանապարհով»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
