Լավրովը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը՝ դրանք անվանելով «վստահելի»

Մոսկվան բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը, այդ կապերը վստահելի բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարեկան ամփոփիչ ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես բարձր եմ գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Դրանք վստահելի են, նախագահները պարբերաբար շփվում են, փակ թեմաներ չկան։

Նրանք աշխատանք են տարել կառավարություններին խրախուսելու՝ փոխշահավետ նոր նախագծեր որոնելու ուղղությամբ»,- մասնավորապես, ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ դա վերաբերում է և՛ Հյուսիս-Հարավ միջանցքին, և՛ այլ տրանսպորտային նախագծերին Կովկասում և դրա շուրջ։ «Դա, իհարկե, վերաբերում է Կասպից ծովին, հատկապես Կասպից ծովի ծանծաղուտին:

Մենք ներկայում ստեղծում ենք երկկողմ աշխատանքային խումբ և ցանկանում ենք առաջարկել այն վերածել հնգակողմ ձևաչափի, որպեսզի մերձկասպյան բոլոր ափամերձ երկրները մասնակցեն այդ աշխատանքներին։

Մենք համագործակցում ենք նաև միջազգային ասպարեզում։

Կան շփումներ և գործնական քայլեր՝ անվտանգության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում մեր կարողություններն ուժեղացնելու համար։

Իհարկե, կան շփումներ զինված ուժերի և հատուկ ծառայությունների միջև»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

You may also like...