Ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնեվմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Ռազմավարության առումով ուր է հասել ՀՀ առողջապահության նախարարությունը․ այս հարցերն ավելի պարզաբանված ներկայացնելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու 2024-ին կատարված աշխատանքները։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքներում առաջնային էր քաղաքացիներին՝ առողջապահական կարիքների բավարարման հասանելիությունը։

«Բյուջետային միջոցները ուղղվում են լրացուցիչ ծառայություններ ներդրելուն․ 2024 թվականի արդյունքների մասով աճ ունենք գրանցված. մինչև 15․12․2024 թվականը այդ միջոցները կազմել են 127 միլիարդ դրամ, 2023 թվականին՝ 113 միլիարդ դրամ»,- մանրամասնել է նախարարը:

Այնուհետև առողջապահական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին օրերին մարդկանց շրջանում անգանգստություն առաջացրած նոր վիրուսի՝ մետապնևմավիրուսի հետ կապված իրավիճակը:

«Հայաստանում այդ վիրուսի 10 դեպք հայտնաբերվել է 2023 թվականին, 2024 թվականի հունվար-ապրիլին՝ 50 դեպք: Դրանից հետո մեր երկրում մետավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել»,- վստահեցրել է նա:

Սուր շնչառական վարակների առումով, սակայն, աճ կա: Հոսպիտալացվել է 721 բուժառու, որոնց ավելի քան 90 տոկոսը երեխաներն են․ «Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չկա:

Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվությունն ավելանալու վտանգ կա և պետք է ուշադիր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»։

Նախարարը նաև խոսել է պետպատվերիների հետ կապված խնդիրների մասին. քաղաքացիները դժգոհում են՝ չեն կարողանում օգտվել ծառայություններից:

«Կարևոր է ճիշտ ակնկալիքներ ձևավորել, որևէ բան անսահման չի լինում, առավել ևս, եթե դա կապված է բյուջեի հետ։ Նախարարությունն ունի տարեկան բյուջե, ամեն բժշկական կենտրոն ունի պայմանագրային գումար և սահմանափակ ծառայությունների շրջանակ։ Սխալ ակնկալիքներ չպետք է սերմանել՝ ասելով՝ ամեն ինչ պետք է լիներ անսահմանափակ: Ո՛չ, որևէ բան անսահմանափակ չի լինում։ Մեր քաղաքացիների՝ 2024 թվականին բուժսպասարկումից օգտվելու հերթերը երկու ամսից ավելին չեն եղել։ Վերջին չորս ամիսներին էլ անձը դիմել է և ստացել իր բուժօգնությունը»,- ասել է նա:

You may also like...