Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի եվ ՀՀ-ի միջեվ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագգրումը։

Տարածված հայտարարությունում ասվում է, որ որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ և հիմնադիր՝ նա հանդիպելու է Հայաստանի կառավարական պատվիրակության հետ:

Նշվում է, որ այս համաձայնագիրն ամիսներ շարունակվող քննարկումների արդյունք է, որոնք մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի՝ հունիսին Հայաստան կատարած այցով։

Այդ այցի ընթացքում Օ՛Բրայենը հայտարարել էր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հանդիպման մասին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։

Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հաջորդ քայլն է երկրների միջև տնտեսական և էներգետիկ ոլորտներում, անվտանգության և օրենքի կիրարկման, ժողովրդավարական և արդարադատության բարեփոխումներում սերտացնելու համագործակցությունը։

«Այս համաձայնագիրն ընդգծում է նշանակալի առաջընթացը ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում, մի գործ, որը ես պաշտպանել եմ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի դերում»,- ասել է Փալոնը։

Նա նշել է, որ սա ցույց է տալիս 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության կատարած կարևոր բարեփոխումները և այն խոստումը, որ երկիրն ամերիկյան հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում:

«Ամենակարևորը, ռազմավարական գործընկերությունը նշանակում է մեր երկրների միջև ավելի սերտ երկկողմ կապեր, հետագա ամերիկյան ներդրումներ Հայաստանի ապագայում և, ընդհանուր առմամբ, ավելի ամուր կապ մեր ժողովուրդների միջև:

Ուրախ եմ, որ Բայդենի վարչակազմը պաշտոնականացրել է այս գործընկերությունը, և ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը Պետքարտուղարության և Հայաստանի կառավարության հետ՝ շարունակելու այս դրական թափը»,-հայտարարել է Փալոնը։

You may also like...