Կոռուպցիոն եվ անօրիանական ցանկացած երեվույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները։ Խոսելով հարկային  ոլորտից, նա նշել է, որ  նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:

«Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի,  ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները:

Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործման շրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը:

Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա:

Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու:

Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու »,- ասել է նա։

Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ  2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի),  և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ։

You may also like...