Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարար հանդիպումներ կազմակերպել Երևանում եվ Բեռլինում
Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։
Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի։
Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են գերմանական ընկերությունների հետ գործարար կապեր հաստատելով կարող են
դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ գրելով secretariat@mineconomy.am հասցեին։
