Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խnշտանգnւմներն օր առաջ պետք է դադարեցվեն. Արցախի ՄԻՊ

Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն օր առաջ պետք է դադարեցվեն և նրանք կարողանան վերադառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ԱԳՆ մոտ իրականացվող ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նշենք, որ այսօր Բաքվում տեղի է ունենալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատը և այս առիթով ցույց է իրականացվում ԱԳՆ-ի մոտ:

«Բոլոր այս ակցիաներն, իհարկե, շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, որ դրանով որևէ արդյունք չենք կարող արձանագրել, բայց ես ուզում եմ ասել հետևյալը՝ անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը»,- ասաց նա:

Ստեփանյանը նշեց, որ պետք է հնարավորինս շատ միջազգային ճնշում գեներացնելով հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը և հայրենադարձությանը:

«Հասկանում ենք, որ գործ ունենք բռնատիրական և մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ, որին այս հարցում համոզել կամ պարտադրել այս պահի դրությամբ չենք կարող: Սա որևէ կերպով չի նշանակում, որ պետք է անգործության դիմենք ու ոչինչ չանենք, հակառակը՝ պետք է հնարավորինս թե իրավապաշտպան համայնքը, թե ՀՀ իշխանությունները կառավարական օղակներով, թե միջազգային կազմակերպությունները, թե ՀԿ-ները իրենց անելիքն անեն»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի երեկվա ուղերձին, Ստեփանյանն ասաց.  «Այդ ուղերձը բացահայտեց ողջ ճշմարտությունն այն մասին ինչն այս  ժամանակահատվածում իրավապաշտպան համայնքը խոսում էր: Այսինքն, սա որևէ ձևով չի կարող համարվել իրավական գործընթաց, դրա ընթացքում պահպանված չեն մարդու ամենատարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում և այլն:

Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու մինչև որ հստակ պահանջներ ձևավերկպված ՀՀ իշխանությունների, սփյուռքի կողմից չներկայացվեն միջազգային կառույցներին: Միջազգային կառույցներում պետք է օրակարգի հարց դարձնել այս հարցը և միայն դրանից հետո հնարավոր է՝ միգուցե Ադրբեջանի նկատմամբ աճի միջազգային ճնշումը»:

Հարցին էլ՝ ՀՀ իշխանությունները բոլոր գործիքակազմերը կիրառե՞լ են նրանց հայրենիք վերադարձնելու համար, Ստեփանյանն ասաց. «ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ բանակցային գործընթացում պարբերաբար անդրադառնում են մշտապես այդ հարցին, բայց առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն»:

You may also like...