Ադրբեջանը Վրաստանի կարեվորագույն ռազմավարական գործընկերներից է. Կոբախիձե
Ադրբեջանը Վրաստանի հինգ հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է։
«Տարածաշրջանային համագործակցության համատեքստում կարևոր է ապահովել էներգետիկ և տրանսպորտային ուղիների հաջող շահագործումը, լուծել առկա հակամարտությունները և նպաստել տարածաշրջանում անվտանգությանը։ Այսօր մենք կկենտրոնանանք առկա տնտեսական, առևտրային, էներգետիկ և տրանսպորտային նախագծերի և դրանց կարևորության վրա։
Այս տնտեսական նախագծերը զգալիորեն մեծացնում են մեր երկրների գրավչությունը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը եղել է մեր երկրի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում։
Այս առումով Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերներից մեկն է։ Մենք իրականացնում ենք այնպիսի կարևոր տարածաշրջանային նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Հարավային գազային միջանցքի նախագիծը, Միջին միջանցքի նախագիծը, ինչպես նաև ստորջրյա մալուխային նախագիծը Սև ծովի երկայնքով:
Մենք պետք է մեր համատեղ ջանքերն ուղղենք էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովմանն ու ամրապնդմանը»,- ասել է Կոբախիձեն։
