Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման նպատակն էր վերհանել ոլորտում առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում ասոցիացիայի անդամները ներկայացրել են հյուրանոցային ոլորտի վիճակը վերջին տարիներին և ներկայում, ոլորտի զարգացման իրենց տեսլականը, ինչպես նաև կարևորվել է հարկային բարեփոխումների և որակավորման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է  Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացվել են չորս կարևոր ուղղություններ` բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն, գաստրոտուրիզմ։

Անդրադարձ է կատարվել մասնագետների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է  բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել նման քննարկումները շարունակական դարձնելու մասին։

You may also like...