Ալեքսանդր Սիրունյանն այլեվս ՔՊ անդամ չէ. Ալեքսանյանը՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման մասին
«2020-ի նոյեմբերից հետո Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ամեն ինչ արվել է հասարակության բևեռացման, հասարակության մեջ ատելության սերմանման, հայհոյանքի նորմալացման ուղղությամբ, և հաճախ եղել են դեպքեր, որ այն սադրանքները, որոնք եղել են այդ կողմից, այդ սադրանքներին տրվել են շատ նորմալ, շատ լավ մարդիկ»:
Դիտարկմանը՝ արդյոք դա խնդիր չէ՞, Ալեքսանյանը պատասխանեց՝ պետք է ինդիվիդուալ եղանակով հասկանալ՝ ինչի մասին է խոսքը:
«ՀԿ-ների արժեքային, օբյեկտիվ հիմքը, հենքը հասկանալու համար ինձ պետք է հասկանալ՝ նմանատիպ իրավիճակում իրենք անցած անգամ այդ նույն հայտարարությունը տարածե՞լ են, թե՞ ոչ: Եթե պարզվի՝ տարածել են, ուրեմն նրանց հարցերին ևս պետք է պատասխանել ու հասցեագրել նրանց նամակը»,- նշեց նա:
Երբ լրագրողներից մեկը ընթերցեց Սիրունյանի գրառումներից մեկը, որը վերաբերում էր ադրբեջանցիների ու ղարաբաղցիների կողմից հանքերը կիսելու թեմային, պատգամավորն ասաց. «Հազար ներողություն, բայց ԼՂ նախկին իշխանությունների կողմից հանքեր կամ ՀԷԿ-եր ծախել-չծախելու, ադրբեջանցիների հետ գործարքների թեման առաջին անգամ լսել եմ ԼՂ-ում այդ ժամանակ դեռ բնակվող մի շարք բլոգերներից: Եղել են մարդիկ, որ դրան հավատացել են, եղել են՝ ոչ:
Ես անձամբ ձեր նշած օրինակում ոչ մի բան չեմ տեսնում, եթե մարդը հավատացել է ԼՂ-ից այն մարդկանց, որոնք ասել են՝ ԼՂ-ի որոշ իշխանավորներ հանքեր ու ՀԷԿ-եր ծախել-առնելու գործընթացի մեջ են եղել որոշակի շրջան»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ իհարկե, մարդը պետք է զսպվածություն ունենա և փորձի ամեն կերպ խուսափել նման իրավիճակներից, բայց պետք է հասկանալ՝ որն է եղել ասվածի դրդապատճառը:
Հարցին՝ արդյոք նրա ֆեյսբուքյան գրառումները չե՞ն նպաստում ԼՂ բնակիչների նկատմամբ ատելության մթնոլորտի ձևավորմանը, պատգամավորը ասաց՝ նման շփոթմունքներ չպետք է թույլ տալ:
Ինչ վերաբերում է թեկնածուի անաչառությանը, անկախ գործելու կարողությանը, որի վերաբերյալ ՀԿ-ները կասկած էին հայտնել, Ալեքսանյանը պարզաբանեց՝ Սիրունյանն այլևս ՔՊ կուսակցության անդամ չէ:
«Կարծում եմ՝ պարոն Սիրունյանն այսօր Ազգային ժողովում ելույթ է ունենալու, և կարծում եմ՝ այս թեմաներին անդրադարձ կլինի: Մեր կուսակիցն էր, հիմա կուսակիցը չէ: Ինքը սահմանադրական այնպիսի լիազորություններ է ստանալու, որ իրեն ընդհանրապես կուսակցական ոչ մի խողովակով և ոչինչ պարտադրել չի կարելի»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ են թեկնածուների փնտրում կուսակիցների շրջանում, պատասխանեց՝ երկար ժամանակ փնտրել են:
«Հեռու փնտրել, մոտիկ գտել ենք»,- ասաց Ալեքսանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
