ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնելը հստակ հիմք ունի, իսկ ԵԱՏՄ-ում շատ լավ համագործակցություն կա. Հակոբյան
Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ աճում է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ Հայաստանը շատ ներդաշնակ քայլերով աշխատում է գործընկերների հետ բոլոր ոլորտներում։
«Ես շատ բարձր եմ գնահատում այդ համագործակցությունն ու կարծում եմ, որ Հայաստանը 5-6 տարվա ընթացքում շատ մեծ թափով կարողացել է օգտագործել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք չէ դիտարկել հակադրությունների մեջ։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն լրիվ տարբեր բաներ են:
«Ես հստակ կարող եմ արձանագրել, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնելը հստակ հիմքեր ունի, ու այդ հիմքերի մասին բազմաթիվ անգամ նշել ենք, իսկ ԵԱՏՄ-ի հետ կապված մենք շատ լավ համագործակցություն ունենք, ինչը շատ լավ ձևով երևում է մեր տնտեսության զարգացման վրա»,- ասաց նա։
