Պահանջում ենք հրապարակել բանակցային գործընթացի ողջ փաթեթները, անտրամաբանական է դրանք գաղտնի պահելը. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Վերջինս նշեց, որ այդ պահանջին միանում է նաև Հանրապետական կուսակցության ֆրակցիան:
«Ընդ որում, սիրելի քաղաքացիներ, պատրաստ եղեք Փաշինյանի ավանդական մանիպուլյացիաներին, ինքն անելու է մոտավորապես հետևյալը. հանելու է այդ թղթերը, ասելու է, տեսեք այստեղ գրված է, որ մածունը սպիտակ է, բայց ախր սև թանաքով է չէ գրված, ուրեմն կա շանս, որ մածունը նույնպես սև է, այ այդ ոճի մանիպուլյացիաների պատրաստ եղեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այս անգամ արդեն փաստաթղթային ապացույցներով, ևս մեկ անգամ պիտի համոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի Հանրապետությունը և Նիկոլ Փաշինյանն է վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետությունը։ Չնայած, դրանում կասկածող մարդկանց թիվը շատ փոքր է ու բաժանվում է երկու պարզ խմբի։ Առաջին խումբն այն մարդիկ են, որոնց դուք մոլորեցրել եք, ընդ որոմ մոլորեցրել եք ամոթալի ստերով ու տարբեր տեսակի չախոյանական ֆեյք նյուզերով, իսկ մյուս հատվածը դուք եք, որոնք աշխատավարձ են ստանում նման ստեր տարածելու համար»,- ասաց Մամիջանյանը:
